2015 թվականին ընտրվեցին այն առարկաները, որոնցում ֆինանսական կրթությունը պետք է ինտեգրվի որպես պարտադիր բաղադրիչ:

Դրանք են՝

  • Ես և շրջակա աշխարհը (2-ից 4-րդ դասարաններ)
  • Մաթեմատիկա (2-ից 6-րդ դասարաններ)
  • Հասարակագիտություն (8-ից 11-րդ դասարաններ)
  • Հանրահաշիվ (7-ից 11-րդ դասարաններ)

«Ֆինանսական կրթությունը դպրոցում»

Ծրագրի նպատակն է սովորողների շրջանում ձևավորել անհրաժեշտ նվազագույն ֆինանսական գիտելիք, հմտություններ և վերաբերմունք՝ խթանելով պատասխանատու ֆինանսական որոշումների կայացմանը։

Ֆինանսական կրթությունը ներառում է 7 թեմատիկ ոլորտ.

  • 1. Ընդհանուր տնտեսական հասկացությունների տիրապետում
  • 2. Անձնական բյուջեի կառավարում
  • 3. Խնայողություններ և երկարաժամկետ պլանավորում
  • 4. Պարտքերի կառավարում
  • 5. Ֆինանսական ծառայությունների արդյունավետ ընտրություն
  • 6. Իրավունքների պաշտպանություն անձնական ֆինանսների ոլորտում
  • 7. Ֆինանսական անվտանգություն (խարդախություններ և զեղծարարություններ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) առաջարկով 2019 թվականին ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից: ՀՀ կենտրոնական բանկի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կնքվել է պայմանագիր:

«Ֆինանսական կրթության 10 պատվիրանները»

  • 1.

    Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:

  • 2.

    Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:

  • 3.

    Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:

  • 4.

    Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

  • 5.

    Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:

  • 6.

    «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:

  • 7.

    Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:

  • 8.

    Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:

  • 9.

    Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև

  • 10.

    Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

Ֆինանսական կրթությունը դպրոցում

Ծրագիրը ներդրվել է 685 դպրոցում, և վերապատրաստվել է 4951 ուսուցիչ, որի արդյունքում ֆինանսական կրթման ինտեգրմամբ դասեր են ստանում հանրապետության աշակերտների կեսից ավելին՝ 218 333 սովորողներ։